«Արմաթ» լաբորատորիայի գործունեությունը կշարունակվի․ նախարարը հակադարձում է Կարեն Վարդանյանին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում սաբոտաժ է արվում եւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումն է դադարեցվում: Պնդումը՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանինն է: Վերջինի խոսքով՝ 2019թ-ին լաբորատորիաներ եւ ռոբոտաշինություն դասավանդող խմբակներ ներդրվել են Շիրակի, Լոռու եւ Տավուշի բոլոր դպրոցներում, բայց 2020թ-ի բյուջեով նախարարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել միայն լաբորատորիաների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը:

Սա, Վարդանյանի խոսքով, լուրջ խնդիր է, քանի որ սարքավորումների տեղադրումը, լաբորատորիաների աշխատանքների կազմակերպումը, խմբակավարների վերապատրաստումներն ու մրցույթների կազմակերպումն առանց ֆինանսավորման են մնում:

«Լաբորատորիաները մենակ սարքավորումները չեն, դա խմբակավարների վերապատրաստումներն են, դուք պատրկերացրեք՝ ինչպես եւ որտեղից պետք է կարողանանք խմբակավար գտնել Աշոցքի մի կորած գյուղում ռոբոտաշինություն դասավանդելու համար, մրցույթներն են, որ կապ են ստեղծում միմյանց միջեւ, առանց սրանց ծրագիրը, համակարգը չի աշխատի»,- համոզված է Վարդանյանը։

Վարդանյանի հայտարարությանը նախարար Արայիկ Հարությունյանն է արձագանքել՝ ասելով, որ կազմակերպությունն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, իսկ 2020թ-ին 371 մլն դրամ՝ 707 խմբակների խմբակավարների աշխատավարձերի համար:

Նախարարի խոսքով Վարդանյանը «իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում»: Արայիկ Հարությունյանի հավաստիացմամբ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունն ու հանրապետության բոլոր դպրոցներում ներդրումը շարունակվելու է:


Source: Երկիր Մեդիա | «Արմաթ» լաբորատորիայի գործունեությունը կշարունակվի․ նախարարը հակադարձում է Կարեն Վարդանյանին