Երևանում կկայանա «խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը
Silicon Mountains համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Silicon Mountains համաժողովը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին և լավագույն ուսանողներին կներկայացնեն և նրանց հետ կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական ինտելեկտ, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է, որ այն վերաբերում է բարձր տեխնոլոգիական ոլորտին, որտեղ կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։
Նախարարի տեղակալը միջոցառման անցկացումը հատկանշական է համարել նաև նրանով, որ այն ունի պատվավոր հյուր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գինական Տակեո Կանադեն։
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով, առաջին անգամ կազմակերպվող միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին», տեխնոլոգիական կրթության մարտահրավերներին և տնտեսության թվայնացման առավելություններին, հանդիսանում է մեկնարկը՝ ամենամյա խոշոր միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի անցկացման համար:
«Պատահական չէ, որ մեր միջոցառման անվանումը ընտրված է «Silicon Mountains»: Այն խոսում է մեր միության տեսլականի և նպատակների մասին: Միջոցառումը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում մեզ տեխնոլոգիական քարտեզի վրա նշել մեր երկիրը: Երկիր, որտեղ ոչ միայն ՏՀՏ լուծումներ են կիրառվում, այն նաև մենք ենք մեր լուծումները առաջարկում արտերկրում:
Source: Երկիր Մեդիա | Երևանում կկայանա «խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը