«Թումանյանը՝ լուսանկարիչ». ցուցահանդես՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

Սեպտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների հավաքածուն, թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ցուցադրված մի շարք լուսանկարներից առանձնացրեց Թումանյանի ընտանիքի միակ լուսանկարը, որում գրողի ընտանիքի բոլոր անդամներն են: «Սա 1914 թվականի գարնանն արված լուսանկար է. ճակատագրական մի տարեթիվ, որից  հետո ընտանիքի անդամներն առանձնացան, որպեսզի յուրաքանչյուրն իր առաքելությունն իրագործի: Հետաքրքիր է նաև Թումանյանի դստեր`Թամարի  լուսանկարը, որում նա այն հագուստով է, որով 1909 թվականին Մետեխի բանտում այցելել էր հորը: Այդ հագուստի ծալքերի մեջ պահելով` նա տուն էր բերել  «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունն ու «Վայրէջք» բանաստեղծությունը: Թամարը մշտապես հպարտացել է, որ հոր երկու գործերի փրկիչն է»,-պատմեց Եղիազարյանը:

«Նպատակ ունենք ցուցադրությունը տանել Դսեղ: Եթե հաջողվի, Կոմիտասի 150-ամյակին համանման ցուցադրություն կկազմակերպենք և ցուցահանդես կիրականացնենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ Կոմիտասն ու Թումանյանը հաճախ են հանդիպել: Դա կդառնա մեծերի յուրահատուկ միավորում իրենց հարազատ մշակութային օջախում»,-եզրափակեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 20-ը:


Source: Երկիր Մեդիա | «Թումանյանը՝ լուսանկարիչ». ցուցահանդես՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին