Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կարող է տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջը

ԱՄՆ-ում դեմոկրատները պատրաստվում են մինչեւ վերջ գնալ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դիմել է Կոնգրեսի Իրավական հարցերի հանձնաժողովին՝ Թրամփի նկատմամբ պաշտոնական մեղադրանքներ ձեւակերպելու խնդրանքով: Դեմոկրատ Փելոսին հայտարարել է, որ հանրապետական նախագահը չարաշահել է լիազորությունները՝ իր անձնական, քաղաքական նպատակներին հասնելու համար սպառնալիքներ ստեղծելով երկրի ազգային անվտանգությանը:

Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկություն կարող է տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջը, իսկ ահա վերին պալատում՝ Սենատում, 2020-ի հունվարին: Սակայն եթե դեմոկրատները կարողանան հաջողության հասնել Ներկայացուցիչների պալատում, քանի որ գերակշռում են այնտեղ, ապա Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները: Թրամփը հայտարարել է, թե դեմոկրատները պարզապես խելագարվել են։


Source: Երկիր Մեդիա | Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կարող է տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջը