Ժամկետային զինծառայողների հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք` շարքային Հենրի-Հայկ Զաքարյանի վիրահատությունն ավարտվել է: «Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:


Source: Երկիր Մեդիա | Ժամկետային զինծառայողների հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ