Հայաստանում ապրող քրդերը կրկին դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Հայաստանում բնակվող քուրդ երիտասարդները բողոքի ակցիայով պահանջում են Թուրքիայից դադարեցնել Սիրիայի հյուսիսում քուրդ ժողովրդի հանդեպ ոտնձգությունը: Երեւանի Ազատության հրապարակում հավաքված երիտասարդները պարզել էին «Ազատություն Օջալանին», «Թուրքիան մեղավոր է 3,5 միլիոն ժողովրդի կոտորածների համար» գրությամբ պաստառներ, որին ի հավելումն վանկարկում էին «Էրդողան, ահաբեկիչ»:

Մուհամադ Քարիմը, ով Իրաքյան Քուրդիստանից է ու արդեն հինգ տարի ապրում ու սովորում է Հայաստանում, հույս ունի, որ նմանատիպ ակցիաների միջոցով կարող են գրավել գերտերությունների ուշադրությունը հարցի նկատմամբ: «Մենք այստեղ ենք աջակցելու Սիրիայի հյուսիսի քրդերին թուրքական հարձակումներից: Պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի ոտնձգությունը` ակնկալելով Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի աջակցությունն այս հարցում»,-ասաց քուրդ ուսանողը:

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը նախ ելույթ ունեցավ քրդերենով, ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ անգամ են Երևանում ակցիա անցկացնում` ի պաշտպանություն քուրդ ժողովրդի: «Գերտերություններն ուզում էին քրդական ուժերին որպես ձեռքի զենք օգտագործել Մերձավոր Արևելքի իրենց ծրագրերի իրականացման համար, բայց այս անգամ արդեն քրդերը ժողովուրդների ժողովրդավարացման համար են պայքարում»,-ասաց Դրբոյանը` հավելելով` «քուրդ ժողովուրդը սահմանների կռիվ չի անում»:


Source: Երկիր Մեդիա | Հայաստանում ապրող քրդերը կրկին դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում