ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մրցանակաբաշխություն՝ նվիրված Բանակի օրվան

Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվան ընդառաջ տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մի քանի գրողի և իրենց գործունեությամբ հայկական բանակին  ծառայություններ մատուցած անձանց:

Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին հունվարի 24-ին ՀԳՄ դահլիճում:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, և մրցանակների հավակնում են ոչ միայն գրողներ, այլև բանակում ծառայող, իրավական և գործունեության այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ:

«Տարեցտարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվն ավելանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ  մասնակիցներ են լինում Արցախից, սփյուռքից»,-շեշտեց Միլիտոնյանը և հավելեց, որ հանձնաժողովում ընդգրկված են եղել ճանաչված գրողներ, գրականագետներ, որոնցից են Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Վարդան Դևրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը և այլք:

«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արևշատ Ավագյանը, երկրորդ մրցանակին՝ Գագիկ Խաչատրյանը, երրորդ մրցանակին՝ Սուսաննա Հովհաննիսյանը և Ժաննա Աբրահամյանը:

«Գեղարվեստական արձակ» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Ժաննա Հակոբյանին, երկրորդ մրցանակը՝ Դավիթ Ավետիսյանին, իսկ երրորդ մրցանակը` Նանեին:

Վազգեն Սարգսյանի անվան մրցանակին արժանացավ Սամվել Բեգլարյանը։ Հրապարակագրության, գրաքննադատության ժանրի մրցանակը տրվեց Գայանե Պողոսյանին:

Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը հանձնվեց Արմեն Ավանեսյանին:

Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը տրվեց զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Վան Նովիկովին և սահմանապահ զինվոր Արմեն Բարխուդարյանին:

Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը:

 


Source: Երկիր Մեդիա | ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մրցանակաբաշխություն՝ նվիրված Բանակի օրվան