Մակրոնը կարծում է, որ Նահանգների վրա այլեւս հույս դնել պետք չէ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է ՆԱՏՕ-ին անդամակցող Եվրամիության երկրների իր գործընկերներին դաշինքի եւ նրա անդամների պաշտպանության հարցում հույսն այլեւս չդնել Միացյալ Նահանգների վրա: The Economist-ին տված հարցազրույցում նա Վաշինգտոնին մեղադրել է անվստահելի լինելու մեջ:

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ը մեջքով է կանգնում իր դաշնակիցներին: Ֆրանսիայի նախագահն օրինակ է բերել Սիրիայի հյուսիսի-արեւելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը եւ քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը: «Մենք հիմա ականատես ենք լինում ՆԱՏՕ-ի ուղեղի մահվանը»,- ասել է Էմանուել Մակրոնը, որը նաեւ կարծում է, որ Եվրոպան անդունդի եզրին է կանգնած: Ֆրանսիայի նախագահի գնահատականներին արդեն դեմ են արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:


Source: Երկիր Մեդիա | Մակրոնը կարծում է, որ Նահանգների վրա այլեւս հույս դնել պետք չէ