Պուտինն ու Նեթանյահուն հանդիպել են

«Իսրայելը պետք է ազատություն ունենա՝ Իրանի դեմ գործելու համար». նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սոչի կատարած աշխատանքային այցի ժամանակ: Երեկ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիային առնչվող մի շարք հարցեր:

Նեթանյահուի խոսքով, տարածաշրջանում բոլոր երկրների անվտանգության հարցը չափազանց կարեւոր է հատկապես հիմա, քանի որ անցած ամիս Իրանն ավելի հաճախ է փորձել Սիրիայի տարածքից հարվածներ հասցնել Իսրայելին, նաեւ այնտեղ հրթիռներ է տեղակայում՝ Իսրայելին սպառնալու համար: Այս պատճառով էլ, Նեթանյահուի պնդմամբ, իրենք ստիպված են գործել:

Հիշեցնենք, որ իսրայելական բանակը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայում գործող իրանական օբյեկտներին: Թե՛ Իրանը, թե՛ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբալլահ» խմբավորումը, եւ թե Ռուսաստանն աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ քաղաքացիական պատերազմում: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո՝ Ռուսաստանի եւ Իսրայելի ղեկավարները նաեւ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Սիրիայի հարցով:


Source: Երկիր Մեդիա | Պուտինն ու Նեթանյահուն հանդիպել են